«Հրապարակը» գրում է, թե նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ պաշտոնից հնդկական ֆիլմի մոտիվներով հեռացումը, պարզվում է՝ ամենից շատ ազդել է նրա գերդաստանի վրա:

«Հատկապես հուզվել է Գառնիկիչի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, որը երեկ բավական բուռն է արձագանքել մեր լրագրողի հարցերին, ապա հեռախոսն իբր անջատելուց հետո սկսել է հայհոյել: Մեր լրագրողը Ռուբեն Գառնիկիչին հարցրել է. ինչո՞ւ նա չի մեկնել Մոսկվա՝ հայկական եկեղեցու բացմանը, որտեղ, որոշ տեղեկություններով, ապարանցիները եւ ռուսաստանաբնակ հայ գործարարները Սերժ Սարգսյանի մոտ փորձելու են բարեխոսել՝ փիառ անել Աղվան Հովսեփյանի համար։ ԱԺ պատգամավորը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է, թե իրեն չեն հրավիրել:

«Թե՞ հույսներդ արդեն կտրել եք եւ համակերպվել, որ Ձեր եղբայրն այլեւս գլխավոր դատախազ չի աշխատելու»,- հարցրել է մեր լրագրողը։ «Չհասկացա, էդ ի՞նչ վերաբերմունք ա, ի՞նչ հույսեր ենք կտրել, կամ ի՞նչ ա նշանակում՝ պիառ են անելու… ղալաթ են արել գրել են, ինչի՞ց պիտի հույսներս կտրենք, խի Հովսեփյան Աղվան մենակ գլխավոր դատախազ եք տեսե՞լ»,- զայրացել է եղբոր շնորհիվ պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը: Լրագրողը հիշեցրել է, որ իրենք էին այդպես տեսնում, անձամբ Ռուբեն Հովսեփյանն էր վստահ հայտարարում, որ եղբայրը վերանշանակվելու է դատախազ: Բայց Հովսեփյանը նեղացել է եւ ասել, որ չի ուզում այդ թեմայով խոսել: Ապա նրան թվացել է, թե անջատել է հեռախոսը, ու անցել է հարազատ բառապաշարին՝ դիմելով կողքին գտնվող ինչ-որ մեկին. «Հլը սրանց նայեք, սրանց մուտիլովկաները… Ձեր տիրոջ մերը…»: Հայհոյել է բարեկիրթ պատգամավորն ու զրուցակցին ներկայացրել, թե ով էր զանգահարողը:

Ի դեպ, րոպեներ հետո, երբ լրագրողը նորից է զանգահարել նույն պատգամավորին, ամենաջերմ ու հարգալից խոսքերին է արժանցել նրա կողմից: Հենց այսպիսի երկերեսանիությամբ, այսպիսի կուլտուրայով ու բառապաշարով են սրանք ապականում երկրի մթնոլորտն ու տպավորություն ստեղծում, որ իշխանության ներկայացուցիչը պետք է անպայման լկտի լինի եւ խուլիգան»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում