Իշխանական կուլիսներում կարծես թե նոր ինտրիգ է խմորվում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «ՀՀ դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո, որի մասին պաշտոնապես հայտարարվեց մի քանի օր առաջ, ակտիվորեն քննարկվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հարցը:

Վճռաբեկ դատարանի նախագահին, հիշեցնենք,  ըստ Սահմանադրության, Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է հանրապետության նախագահը՝ ցմահ:

 Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Վճռաբեկ դատարանի նախագահն առաջիկայում կարող է հրաժարական տալ՝ կապված դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը պատասխանեց. «Նման բան չկա»: Անձամբ Արման Մկրտումյանի հետ արդեն մի քանի օր է, զրուցել չի հաջողվում: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին:

Անգամ ծագած սկանդալին նա այս ընթացքում որեւէ ձեւով չի արձագանքել: Իսկ իշխանական շրջանակներում  խոսվում է, որ  Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է դառնալ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Այսինքն, հարցն արդեն այնքան է լրջացել, որ Վճռաբեկի ապագա նախագահի անունն է շրջանառվում: Երեկ, երբ Դավիթ Հարությունյանից խնդրեցինք հաստատել կամ հերքել տեղեկությունները, նա պատասխանեց. «Ես որեւէ նման խոսակցություն այլեւս չեմ մեկնաբանի... Ընդհանրապես, այլեւս չեմ մեկնաբանելու տարբեր գուշակություններ»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):