Ռուսաստանը հանդես է գալիս օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ տեղի ունեցած քիմիական հարձակման մանրամասներն ուսումնասիրելու կոչով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի առաջին նիստում:
Նա հիշեցրել է, որ «կան բազմաթիվ վկայություններ, որ օգոստոսի 21-ին Գուտայում մասշտաբային սադրանք է տեղի ունեցել, որի նպատակը սիրիական հակամարտությունում օտարերկրյա միջամտություն հրահրելն է եղել: Այդ վկայությունները պետք է ամենամանրամասն կերպով ուսումնասիրվեն»,-ընդգծել է դիվանագետը:
Ապացույցների շարքում Չուրկինը նշել է մայիսին Թուրքիայում սիրիացի գրոհայինների ձերբակալությունը, որոնց մոտ զարին էր հայտնաբերվել, ինչպես նաեւ այն, որ «Սիրիայի եւ Թուրքիայի ինչ-որ քաղաքացիներ փորձել են 10 տոննա նյութեր գնել՝ քիմիական զենք պատրաստելու համար»:
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է Սիրիայի զորքերի կողմից բազմաթիվ ընդհատակյա գործարանների եւ լաբորատորիաների բացահայտումը այն տարածքներում, որոնք դուրս են եկել զինյալների վերահսկողությունից:
Դամասկոսում գտնվող Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հեռախոսով հայտնել է, որ ռուս փորձագետները սկսել են ուսումնասիրել սիրիական կողմից իրենց տրամադրված։ տեղեկությունները, որոնք հիմնավորում են զինյալների մասնակցությունը օգոստոսի 21-ի դեպքերին:




























