Իջեւանի Աչաջուր գյուղում 47-ամյա Գառնիկ Խոջոյանի՝ 30-ամյա եղբորը սպանելու դեպքի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Իջեւանի բաժնից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններով Հարություն Վալոդի Խոջոյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գառնիկ Խոջոյանը: Մեր տեղեկություններով՝ ձերբակալման 72 ժամը լրանալուն պես նրան մեղադրանք կառաջադրվի, եւ վերջինս կկալանավորվի:
Մեզ հայտնի է դարձել նաեւ, որ ոստիկանությունը հանել է Խոջոյանների այգում թաղված Հարություն Խոջոյանի դին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այլ փորձաքննություններ եւս նշանակված են՝ դատակենսաբանական, դատահոգեբուժական:
Նշենք, որ սարսափելի դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին: Դեպքից 20 օր անց՝ օպերատիվ տվյալների հետքերով, Իջեւանի ոստիկանները ձերբակալել են Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Գառնիկ Խոջոյանին: Պարզվել է, որ նա իր եղբոր հետ վիճաբանել է, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի, եղբոր մահվան: Մայրն ու մյուս եղբայրը, նույն օրը, բոլորից գաղտնի կազմակերպել են մահացածի հուղարկավորությունը: Նրա որտեղ լինելն անհայտ է եղել նաեւ հարեւաններին ու իրեն ճանաչողներին:
Մանրամասները՝ առաջիկայում:































