Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման նպատակով ստեղծվող հանձնաժողովը չի կարող որեւէ կապ ունենալ քաղաքապետի կողմից հանձնարարված հանրային քննարկումներ կազմակերպելու հետ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին կրկին ակտիվ շրջանառվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու հարցը: Երեւանի քաղաքապետարանն արդեն չի էլ թաքցնում, որ հարցի քննարկման նպատակով ձեւավորվում է հանձնաժողով: Չքննարկելով՝ ինչ չափորոշիչներով է ընտրվել (կամ ընտրվելու) հանձնաժողովի կազմը, ովքեր են շահագրգիռ կողմերը եւ ի վերջո «առանձին ընթացակարգով» (ինչպես քաղաքապետարանն էր ներկայացրել) քննարկման արդյունքում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ընդգրկված է հանձնաժողովում, թե ոչ, ցանկանում ենք տեղեկացնել, որ Երեւանի քաղաքապետի` 2013 թվականի հուլիսի 25-ի N 3723-Ա որոշման (Երեւանի քաղաքապետի` 2013 թվականի հուլիսի 19-Ի N 3661-Ա որոշման գործունեությունը կասեցնելու մասին) 2-րդ կետով հստակ սահմանվում է՝ «Երեւանի քաղաքապետի խորհրդական Ա. Գեւորգյանին՝ կազմակերպել հանրային քննարկումների իրականացումը, ներգրավվելով Երեւան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման եւ անցկացման մրցութային հանձնաժողովի անդամներին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ այլ անձանց եւ դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն»:
Իսկ ահա Հայաստանի Հանրապետությունում հանրային քննարկումներն իրականացվում են համաձայն ՀՀ Կառավարության 2010 թ.-ի մարտի 25-ի N 296-Ա «Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման, որում ոչ մի խոսք չկա «հանձնաժողով» ձեւավորելու, առավել եւս շահագրգիռ կողմերի ընտրության մասին, դեռ ավելին, համաձայն գործող կարգի՝ նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաեւ հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի (եթե, ըստ նախագիծը մշակող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասն օրը:
Նախագիծը մշակող մարմինը հանրային քննարկումների հրավերը կարող է հրապարակել նաեւ զլրատվամիջոցներով եւ ժամանակակից հեռահաղորդակցման այլ միջոցներով, ինչպես նաեւ հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:
Ստացվում է, որ ստեղծվող հանձնաժողովը չի կարող որեւէ կապ ունենալ քաղաքապետի կողմից հանձնարարված հանրային քննարկումներ կազմակերպելու հետ»:





























