Թիվ 1 մանկապարտեզը չհիմնանորոգելն անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն: Նման հարցադրում-նամակով, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է դիմել ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Նամակում ասվում է.
«Ուսումնասիրելով Երեւանի զարգացման 2010-2013թթ. քառամյա եւ տարեկան ծրագրերը՝ նկատել եմ, որ քառամյա ծրագրով 2011թ.-ին նախատեսվել է հիմնանորոգել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թ.1 մանկապարտեզը, սակայն Երեւանի զարգացման 2011 թվականի տարեկան ծրագրով այն նախատեսված չի եղել:
Այնուհետեւ 2010 թվականի Երեւանի զարգացման տարեկան ծրագրի նախադպրոցական կրթությանը նվիրված 57-րդ էջում գրված է, որ թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից 56-ը տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարը տնօրինում են վարչական շրջանները, 14-ինը՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները, 5-ինն անհայտ է։
Խնդրում եմ պարզաբանել.
1. Ինչո՞ւ է քառամյա ծրագրով թիվ 1 մանկապարտեզում նախատեսվել հիմնանորոգում, իսկ 2011 թվականի տարեկան ծրագրով նախատեսված չի եղել: Սա անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն:
2. Որո՞նք են այն 106 կազմակերպությունները, որոնք վարձակալությամբ տեղակայված են թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
3. Որո՞նք են ՆՈՒՀ-երի տարածքն անհատույց օգտագործող 56 կազմակերպությունները, ո՞ւմ որոշմամբ եւ ի՞նչ հիմնավորմամբ են նրանք անհատույց օգտագործման իրավունք ստացել:
4. Ինչո՞ւ 31 կազմակերպությունների դեպքում վարձակալության գումարները տնօրինում են վարչական շրջանները, իսկ 14-ի դեպքում՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները:
5. 2010 թվականից մինչ օրս քաղաքապետարանի պատկան ստորաբաժանումները պարզե՞լ են արդյոք այդ անհայտ 5 կազմակերպությունների տեղը, որոնք վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները :
6. Ո՞ր 5 մանկապարտեզներում եւ ե՞րբ են այդ 5 կազմակերպությունները վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները, ո՞վ է վճարում վարձակալության գումարները»:





























