Սկսվում է բավականին դաժան փուլ, որը պահանջում է ռուսների հետ շատ ինտենսիվ աշխատանք, այս կառավարությունը այս թիմով պատրաստ չէ դրան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Մեր մեջ ասած, Ռուսաստանին շատ չի հուզում Հայաստանի Մաքսային միություն մտնելը, դա այսպես ասած թութք է։ Որովհետեւ ռուսները նախ կուզեին այդտեղ տեսնել Ուկրաինային, հետո՝ Հայաստանին»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա նշեց, որ ոչ թե որպես միութուն, այլ որպես մաս Ռուսաստանի կազմում մտնելուն ՌԴ-ն դեմ կլինի, որովհետեւ կենսամակարդակը ցածր է, պետք է բարձրացնի, սրսկումներ անի։ Եթե Պուտինը պնդում է՝ Մաքսային միություն չգնալու տարբերակ չկա։

Նախկին վարչապետը շեշտեց, որ Մաքսային միության կազմում գործող տարիֆներով Հայաստանի  տնտեսությունում կարձանագրվի անկում, որովհետեւ բացասական գործոնները ավելի շատ են։ Իսկ դա թույլ չտալու համար պետք է գնալ եւ համոզել, որ մեզ տան անցումային շրջան։ Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ եթե մի միության մեջ էներգետիկա արտահանող եւ ներկրող երկիր կա, խնդիրը որոշվում է կամ մեկի, կամ մյուսի օգտին։

Նա շեշտեց, որ անհիմն են պնդումները, թե Մաքսային միություն մտնելու համար սահմանի առկայությունը պարտադիր է, «սահմանի առկայությունը որեւէ գրոշի նշանակություն չունի, դա Վազգեն Մանուկյանի եւ Տիգրան Սարգսյանի բացատրությունն է»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am