Սիրիայում իրավիճակն այնքան է սրվել, որ չնայած ռուս-ամերիկյան ծրագրի իրական է արտաքին միջամտության վտանգը: Այս մասի  այսօր հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Մեծ Կովկասը սիրիական ճգնաժամի համատեքստում» թեմայով Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ընթացքում:

Նրա խոսքով՝ միջամտության վտանգն, առաջին հերթին, բխում է Թուրքիայից, որն աջակցել եւ աջակցում է սիրիացի զինյալներին: Փորձագետը հիշեցրել է, որ թուրքական պետությունն արդեն երկու անգամ մտադրվել է ներխուժել Սիրիա, ինչին խոչընդոտել են մի շարք գործոններ: Սիրիայի սահմանին են գտնվում թուրքական բանակի ոչ միայն պաշտպանական ստորաբաժանումներ, այլեւ մարտական պատրաստության է բերվել թուրքական օդուժը: Նման ներխուժումը հարեւան  պետություն ձեռնտու է Թուրքիայի իշխանությունների համար:

 «Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի վրա սիրիական ճգնաժամի ազդեցությանը, պետք է ընդգծել, որ Սիրիայի հայկական համայնքը, մասնավորապես Հալեպի հայությունը, մեծ վտանգի մեջ է: Թուրքերը ցանկանում են ազատվել այդ հայկական սփյուռքի համահայկական կենտրոնից»,-ընդգծել է Սաֆրաստյանը, կարծիք հայտնելով, որ տարածաշրջանում պատերազմի սպառնալիքի զգացողությունը պահպանվում է, քանի որ Իրանի շուրջ իրավիճակը մնում է լարված, իսկ սիրիական ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ դառնալ տարածաշրջանային բնույթի զինված հակամարտություն: «Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի կոնսոլիդացումը, այնուամենայնիվ ընթանում է: Իմ կարծիքով, մենք չենք մոտենում Մերձավոր Արեւելքին, այլ փորձում ենք մնալ այնտեղ, որտեղ ենք հիմա»,-ասել է փորձագետը: Նա նաեւ հավելել է, որ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները ավելի դինամիկ են զարգանալու: Իսկ դա դրական նշանակություն կունենա՝ տարածաշրջանի վրա սիրիական հակամարտության ազդեցության տեսանկյունից: