Երեւանի քաղաքապետարանը գովազդային ոլորտի կազմակերպություններին առաջարկել է փուլային տարբերակով՝ մինչեւ 2013թ. տարեվերջ, ապամոնտաժել մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ եւ միջին չափի գովազդային վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթեւեկելի մաս՝ խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական ընկալմանը։
Երեւանի քաղաքապետանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վորչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությանը հավանություն տված ընկերությունները սեպտեմբերի 23-ից կսկսեն վերոնշյալ գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը։ Փոխարենը Երեւանի քաղաքապետարանն այդ կազմակերպություններին կտրամադրի քաղաքային համապատասխան չափերի (1.2x18) ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխան գովազդային կրիչներ տեղադրելու հնարավորություն:
«Մի կողմից ապահովելով վահանակների եւ դրանց քանակի ներդաշնակությունը քաղաքի ճարտարապետական տեսքին, մյուս կողմից, չվնասելով փողոցներում առկա վահանակների սեփականատեր հանդիսացող ընկերությունների մասնավոր շահերը, մենք կկարողանանք Երեւանն ավելի հարմարավետ դարձնել»,-նշել է Արազ Բաղդասարյանը:
Մինչեւ հոկտեմբերի 5-ը կապամոնտաժվեն մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի (մինչեւ Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի (մինչեւ Խանջյան փողոց) գովազդային մեծ եւ միջին չափի վահանակները, իսկ մինչեւ տարեվերջ ամբողջ փոքր կենտրոնի՝ ընդհանուր հաշվարկով 106 գովազդային վահանակները։
Ի դեպ, նկատի առնելով փողոցների երթեւեկի ծանրաբեռնվածությունը, ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն հիմնականում գիշերային ժամերին, ինչի համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։





























