Հայրը երբեք չի միանում որդուն: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ արձագանքելով սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին միանալու մասին հարցին: Նա նշեց, որ ազգային պայքարի առաջամարտիկը, անկախության հանրաքվեի իր ստեղծագործությամբ, ոչ մեկին չի միանում, այլ ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են իրար:

«Նման առաջարկ ենք ստացել: Ինչպես գիտեք Անկախության հրապարակը բռնազավթված է, ոչ թե իշխանությունների, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Քաղաքապետարանից մեզ ասել են, որ մեկ ամսով հանրահավաք չենք կարող անել, քանի որ մեկ ամսով Րաֆֆի Հովհաննիսյանն է հանրահավաքներ անելու: Երբ «Ժառանգության» հետ բանակցել ենք, առաջարկ ենք ստացել համատեղ հանրահավաք անել եւ քանի որ պառակտիչ ոչինչ չեմ ցանկանում անել, համաձայնեցինք, որ միասին անենք»,- հիմնավորեց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ նախագահը նաեւ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աշխատելը շատ դժվար է. «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում էր նախագահի հետ հանդիպման, ո՞վ գիտեր, թե ինչի մասին պետք է խոսեն: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ նախագահի մոտից, ո՞վ իմացավ ինչի մասին են խոսել: Ժողովրդավար մարդիկ այդպես չեն աշխատում, դու պարտավոր ես ժողովրդին հաշվետու լինել: Գիշերը ում հետ էիր խորհրդակցելու, եթե մեր հարգելի Արմինեի հետ (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջը), ում շատ հարգում սիրում եմ, դա այլ բան է: Բայց ես իրավունք ունեմ կասկածելու, որ դու ինչ-որ մեկի հետ խմբագրել ես քո զրույցը»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am