Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին դատի են տվել հեղինակային իրավունքները խախտելու համար եւ նրան մեղադրում են գրագողության մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Խոսքը գիտության թեմատիկ ֆինանսավորման ծրագրի մասին է, որի հեղինակը ինքն է։ Դեռեւս 1995թ Հրանտ Բագրատյանը փորձել է կյանքի կոչել այն, սակայն չի հաջողվել։ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ «սա մի ռեֆորմ է, որով առաջարկում էր ակադեմիայում 13 հազար աշխատողից պահել 3-4 հազար նորմալ վարձատրվող աշխատող, հիմա հազարն էլ չի մնացել»։ Դրանից հետո նա 2008թ ՀԱԿ-ի համար գրել է ծրագիր, իսկ այնուհետեւ կուսակցությունները աշխատել են դրա վրա, փոխել մի 2 կետ եւ այն լույս է տեսել որպես «Հարյուր քայլ»։ Այդ ծրագրում եւս 84-րդ կետը վերաբերում էր գիտության թեմատիկ ֆինանսավորմանը։
Բագրատյանի խոսքով՝ ծրագրի գիտության հատվածը գրելը ամենածանրն է: Նա այցելել էր հանձնաժողով, որտեղ մի կին կար՝ Մանե Հակոբյան, հետագայում պարզվում է, որ նա լսում էր՝ ինչեր են խոսում, գնում գրում եւ գրանցում է։ «Այդտեղ ընդհանրապես հեղինակային իրավունքի հարց չի կարող լինել, գիտության թեմատիկ ֆինանսավորման ծրագրի հեղինակը ես եմ եղել։ Այդ կինը դեկտեմբերին տանում գրանցում է մի ծրագիրը, որի մեծ մասը իմից է վերցված»,- նշեց նա։
Իսկ մինչ այդ Հրանտ Բագրատյանին են զանգահարում «Արմմակադից» եւ խնդրում ծրագիրը՝ տպելու համար, դա տեղադրվում է նրանց «Ֆեյսբուքի» էջում։
Մանե Հակոբյանը դատի է տվել Հրանտ Բագրատյանին, թե ինչի է տպվել ծրագիրը «Ֆեյսբուքի» էջում։ «Դատարանը որոշել է, որ ես պետք է գնամ ֆեյսբուքի ուրիշի էջում այդ բանը փոխեմ, պատմական աբսուրդ, եւ պետք է հետ տամ այդ թոշակառու կնոջ վճարած մեկուկես միլիոնից մեկը»,- նշեց նա։
Նախկին վարչապետն ասաց, որ երբ ծրագրերը ուղարկում են փորձաքննության, այդտեղ միջամտում են Վազգեն Մանուկյանը, Տիգրան Սարգսյանը, արդարադատության փոխնախարար Արա Օրբելյանը, եւ պատահական չէ, որ այդ կնոջ շահերը պաշտպանում է «Դիալոգ» ընկերությունը, որտեղ, բաժնետեր է հենց Արա Օրբելյանը։
Հրանտ Բագրատյանը շեշտում է, որ դատարանը իրականացրել է ընտրովի արդարադատություն։ «Առաջին անգամ մազութի գործն էր, Արշակ Սադոյանն ասաց՝ ինչ ասել ենք՝ փոխաբերական իմաստով ենք ասել, փակվեց գործը: Երկրորդ անգամ Տիգրան Սարգսյանի հետ եմ դատվել՝ Արդշինբանկի հետ կապված: Երրորդը սա է:
Հանգիստ եղեք, ես իրեն կհաղթեմ, սրա հետեւում նորից կանգնած է վարչապետական թիմը։ Սա բացահայտ քաղաքական պատվեր է, նորից վարչապետը, աստիճանաբար ամեն ինչ բացահայտվում է։ Քաբաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորին զանգում են, ոչ թե դատ է վարում, սամասուդ է անում: Մեկ է էլի հաղթելու ենք այդ սամասուդով: Ձե՞ռ եք առնում, տեսնում եք մեկը մտածում է, խոսում է նորմալ, ուզում եք փակել, որոշումը կուղարկենք Եվրոպացի դեսպաններին, Եվրադատարան»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























