Վրաստանի Օզուրգեթի շրջանի Դվաբզու եւ Գագմա Դվաբզու գյուղերում  սեպտեմբերի 18-ին տարհանել են դպրոցականներին՝ ռումբի մասին զգուշացնող զանգից հետո:

«Պիրվելի ռադիո»-ի տվյալով՝ անհայտ անձը  զանգահարել է Վրաստանի ՆԳՆ անհետաձգելի օգնության կենտրոնի «112» հեռախոսահամարով եւ հայտնել դպրոցներում ռումբի  առկայության մասին: Այս պահին տեղերում աշխատում են ականազերծողներ, կինոլոգներ եւ քրեական ոստիկանության աշխատակիցներ:

Հիշեցնենք, Վրաստանում վերջին շաբաթներին ռումբի մասին կեղծ ահազանգերի իսկական համաճարակ է սկսվել:  Իրավապահները ստիպված են եղել մի քանի անգամ ստուգել «Իմեդի», «Ռուսթավի-2» եւ «Մաեստրո» հեռուստաալիքների շենքերը, նաեւ՝ Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքը, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը եւ Խաշուրիում  ProСredit Bank –ի մասնաճյուղը:

Երկրի ՆԳՆ-ն մշտապես հեռախոսային ահաբեկիչների է բռնում, որոնց մեծ մասն անչափահաս են:

«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ Վրաստանի խորհրդարանն արդեն աշխատում է քրեական եւ վարչական օրենսգրքերի խստացման ուղղությամբ՝ ահաբեկչության մասին կեղծ ահազանգերի պատժաչափն ավելացնելով մինչեւ հինգ տարվա ազատազրկման: