ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցը մեկնարկել է այսօր՝ սեպտեմբերի 18-ին. այս անգամ ԵՄ ավտոբուսը կլինի Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի գյուղերում ու քաղաքներում: ԵՄ ավտոբուսի շրջայցը կազմակերպում է ԵՄ կենտրոնը Երեւանում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ ԵՄ ավտոբուսի շրջայցերն ավանդական են դառնում: «Մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է, ինչ մեր ԵՄ շարժական կենտրոնը այցելում է Հայաստանի մարզեր», նշեց դեսպանը: «Մենք ցանկանում ենք ողջ երկրով մեկ մարդկանց տեղեկացնել Հայաստանում ԵՄ համագործակցության եւ մեր աջակցության արդյունքների մասին»:

ԵՄ ավտոբուսը սեպտեմբերի 18-20-ը կլինի Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքներում ու շրջակա գյուղերում:

ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը սեպտեմբերի 20-ին պաշտոնապես կբացի հայկական ավագ դպրոցների համար նախատեսված ԵՄ դասընթացը Վարդենիկի թիվ 3 ավագ դպրոցում: Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ` երիտասարդության շրջանում ԵՄ-Հայաստան համագործակցության մասին գիտելիքն ու ըմբռնումը ընդլայնելու նպատակով:

Նույն օրն ավելի վաղ պրն Լորենցը նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին դասախոսություն կկարդա Գավառի պետական համալսարանում:

ԵՄ ավտոբուսը սեպտեմբերի 23-ին եւ 24-ին իր շրջայցը կշարունակի Արարատի մարզի Վեդի, Արարատ եւ Արտաշատ քաղաքներում ու շրջակա գյուղերում: Սեպտեմբերի 24-ին դեսպան Տրայան Հրիսթեան դասախոսություն կկարդա Վեդիի մշակույթի տանը:

ԵՄ ավտոբուսը առաջարկում է ավելին սովորել Եվրոպական միության մասին տեղեկատվական նյութերի, ծրագրերի ներկայացումների, հարցաշարերի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների բեմադրությամբ խաղերի միջոցով: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին եւ արժանանալ գրավիչ մրցանակների: ԵՄ ավտոբուսի առաջին շրջայցն այս տարվա մայիսին էր, երբ ԵՄ ավտոբուսը այցելեց Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի գյուղեր ու քաղաքներ:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Կենտրոնի նպատակն է բարձրացնել իրազեկությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ աջակցել ԵՄ մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը 2 տարի է: