Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Վրաստանի հետ Հարավային Օսիայի վարչական սահմանին իրավիճակի սրացումը դիտմամբ է արվում՝ պայմանավորված Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ առաջիկա հանդիպմամբ:
«Ցավալի է, որ մեր վերջին հանդիպումներից առաջ Ցխինվալի մարզի (Հարավային Օսիա) վարչական սահմանին իրադրության նման լարվածություն է տեղի ունենում: Այնտեղ միշտ բարդ իրավիճակ է, սակայն դա հատկապես սրվում է մեր ամեն հանդիպումից առաջ: Շատ դժվար է հավատալ, որ սա հատուկ չի արվում», - Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողներին հայտնել է Աբաշիձեն:
«Նովոստի Գռուզիան»տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին Աբաշիձեն մեկնել է Պրահա, որտեղ սեպտեմբերի 19-ին նախատեսված է Կարասինի հետ հերթական հանդիպումը:
Ըստ վրացական կողմի՝ սեպտեմբերի 17-ին հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունը պայմանավորված էր Վրաստանի Գորիի շրջանի Դիցի գյուղի մոտ պատնեշ եւ փշալար անցկացնելու փաստով: Տեղի բնակիչները փորձել են խոչընդոտել այդ աշխատանքներին, քանի որ, ըստ նրանց, վրացիների մի քանի տներ եւ այգիներ կմնան փշալարերից այն կողմ: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ռուս սահմանապահներն առաջնորդվում են խորհրդային Հարավային Օսիայի քարտեզով: Նշվում է նաեւ, որ Հարավային Օսիան Վրաստանին վաղուց է առաջարկել համատեղ հանձնաժողով ստեղծել՝ սահմանազատման նպատակով, սակայն Թբիլիսին դեմ է հանդես եկել՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքները համարելով «զավթված»:
Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքի կոպիտ խախտման համար եւ միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան գնահատական տալ կատարվածին:





























