Ուզում եմ միասին պատերազմ հայտարարենք փողոցային բարքերի դեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու հավելել. «Բանակը հասարակության մասն է, բայց բանակում կա ուղղահայաց ենթակայություն եւ կարգապահություն, որն ավելի լավ միջավայր է` փողոցային բարքերի, անարդարությունների դեմ պայքարելու համար»: Նա տեղեկացրեց, որ ինքն արգելել է բանակում հնչեցնել երկու արտահայտություն. «Նանակը հասարակության հայելին է» եւ «Բոլոր բանակներում էլ լինում են միջադեպեր»:

«Ես ուզում եմ, որ մենք միասին պայքարենք այն բարքերի դեմ, որոնք այսօր հաճախ նորմալ են համարվում քաղաքացիական կյանքում ու քարոզվում են անգամ հեռուստատեսությամբ: Դա ամենամեծ սխալներից մեկն է, քանի որ մեր երեխաները ամենից հաճախ սկսում են դա նորմալ համարել: Սկսում են նմանվել մարդկանց, ում նմանվելն ուղղակի մեծ սխալ է: Եվ էլ որտե՞ղ պետք է պայքարենք այդ բարքերի դեմ, եթե ոչ բանակում ու այն կրթօջախներում, ուր երեխաները կրթություն են ստանում»,- նշել է Սեյրան Օհանյանն ու հավաստիացրել, որ 2014 թվականն այդ առումով բեկումնային է լինելու:

Օհանյանի խոսքով ՝ Հայոց բանակի պատմության մեջ, լավագույն տարին եղել է 2011-ը, երբ ամենաքիչ միջադեպերն ու կորուստներ են եղել: 2012-ին իրավիճակը բարելավվել է, իսկ 2013-ին՝ միջադեպերը նվազել են 30 տոկոսով: Նախարարը կարծիք է հայտել, որ բանակում միջադեպերի դեպքում մեղավորության 50 տոկոսն ընկնում է զինծառայողի վրա, 25 տոկոսը՝ հրամանատարի վրա, իսկ մնացած 25 տոկոսը պատահականություններ են: