Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մեկնարկել է «Կաթվածի բուժումը» գիտաժողովը, որի նպատակն է միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում կիրառել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները։
Երեք տարի առաջ մեր հայրենակից, Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի ընդհանուր եւ անոթային նյարդավիրաբուժության մասնագետ, Մերսերի համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Արթուր Գրիգորյանի, Վարուժան Կոստանյանի, ինչպես նաեւ ամերիկացի գործընկերների աջակցությամբ Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում հիմնադրվեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն` հագեցված ժամանակակից սարքավորումներով եւ արտերկրում վերապատրաստված մասնագետներով:
Ողջունելով գիտաժոողովի մասնակիցներին առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ընդգծել է. «Այս գիտաժողովն առաջին հերթին կարեւորվում է հենց նրանով, որ թեւակոխում ենք մի նոր փուլ` նպատակ ունենալով միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում ստեղծել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների մասնագիտացված տարածաշրջանային կենտրոն, որը կարող է սպասարկել ինչպես Հայաստանի, այնպես էլ հարեւան երկրների ազգաբնակչությանը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ այս ոչ դյուրին ուղին հաղթահարելու գործին կրկին աջակցելու պատրաստակամություն են հայտնել միջազգային ճանաչում ունեցող, ներկայումս ԱՄՆ-ի ու Կանադայի առաջաատար բժշկական հաստատություններում աշխատող մեր գործընկերները»:
Նախարարը վստահություն հայտնեց, որ գիտաժողովը լուրջ խթան կհանդիսանա գլխուղեղի կաթվածների բուժման գոյություն ունեցող ժամանակակից նորամուծությունները եւ գիտական նվաճումները մեր երկրում, մասնավորապես, ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության կլինիկայում ներդնելու, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման գործում։





























