Երեւանի քաղաքապետարանը քաղաքում կյանքի կոչված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հաջողված նախագծեր ունի, որոնք իրականացվել են հենց մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մենք կարեւորում ենք կոնկրետ ծրագրերի եւ նախագծերի իրականացումը։ Այսօր լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել ներդրումային միջավայրը: Եվ այս համատեքստում մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ «ԱրմենՏել» ընկերության հետ ինչպես քաղաքային կառավարման, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նկատել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են, եւ իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործում. «Մենք եւս ուրախ կլինենք ի դեմս Երեւանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երեւանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթեւակոխի»,- նշել է Անդրեյ Պյատախինը:
Հանդիպման ավարտին մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի հետ համագործակցելու պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ:





























