Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը մշակել է էլեկտրոնային առեւտրի զարգացման մասին հայեցակարգ, որը ներկայացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի հաստատմանը;
Հայեցակարգում «Էլեկտրոնային առեւտուր» հասկացությունը բնութագրում է որպես ինտերնետ ցանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որը իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ:
Նշվել է, որ ՀՀ բանկերի կողմից թողարկված Վիզա եւ Մաստեր քարտ միջազգային վճարային քարտերի քարտապանները կարող են իրականացնել առեւտուր համացանցում, այդ թվում՝ իրականցել վաճառք։ Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ՝ Հայաստանում գործարարների եւ ֆիզիկական անձանց շրջանում օրեցօր աճող հետաքրքրությունը էլեկտրոնային առեւտրի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկը սկսել է բանակցությունները «ՓԵՅՊԱԼ» (PayPal) ընկերության հետ՝ Հայաստանում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման վերաբերյալ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում PayPal ընկերության միջոցով իրականացնել ոչ միայն գնումներ, այլեւ հնարավորություն ունենալ իրականացնել վաճառք։
Բացի այդ, որպես այլընտրանքային տարբերակ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայումս բանակցային աշխատանքներ են տարվում մի շարք քարտային համակարգերի (Visa, MasterCard) ներկայացուցիչների հետ` համակարգերում նախատեսված ինտերնետ միջավայրում սպասարկում իրականացնելու (էքվայրինգի) արտոնագիր ստանալու գործընթացները պարզեցնելու ուղղությամբ: Վերջինս թույլ կտա Հայաստանում գործող առեւտրային բանկերի (ներկայումս ՀՀ տարածքում գործող մեկ առեւտրային բանկ արդեն իսկ մատուցում է ինտերնետում սպասարկելու իրավասություն) համար տվյալ արտոնագիր ստանալու գործընթացը համեմատաբար հեշտացնել եւ ստեղծել բարենպաստ պայմաններ էլեկտրոնային առեւտրի զարգացման համար:




























