Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Իսրայելին եւ Եգիպտոսին համոզել է մեղմացնել Գազայի սահմանամերձ տարածքների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Հիշեցնենք, որ այստեղ իշխում է իսլամիստական ընդդիմադիր ՀԱՄԱՍ շարժումը:
Գազայի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Եգիպտոսը որոշել է բացել սահմանին գտնվող միակ անցումը՝ «Ռաֆահը», գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդ որում, Իսրայելը վճռել է վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Գազայի հատված թողնել շինանյութերի խմբաքանակ՝ մասնավոր հատվածի համար, որի մասին պատմել է Պաղեստինի սահմանապահ վարչության ղեկավար Ռաիդ Ֆաթուհը, հավելելով, որ շուտով Գազայի հատված կժամանեն ցեմենտով բեռնված 20 եւ խիճով բեռնված 40 բեռնատար:
Եգիպտացիներն անցակետը կբացեն սեպտեմբերի 18-19-ին՝ չորս ժամով, որպեսզի կատարվեն համապատասխան աշխատանքներ, սակայն ըստ պաղեստինցիների, այդ ժամանակը բավական չէ աշխատանքների լիարժեք իրականացման համար:
Ավելի վաղ եգիպտացիները պաղեստինցիներին մեղադրել էին Սինայի թերակղզում գործող իսլամիստ գրոհայինների, ինչպես նաեւ պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ ունեցած կապի մեջ, այդ պատճառով էլ Եգիպտոսը փակել է «Ռաֆահը», ինչպես նաեւ ոչնչացնում է երկու երկրների սահմանների միջով անցնող մարդկանց եւ բեռների տեղափոխման բազմաթիվ գաղտնի թունելները:





























