Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին  2014թ. մարզպետարանների բյուջետային հայտերի, ինչպես նաեւ  2014թ. հունվարի  1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է  ներկայացնել համապատասխան հաշվարկները, ինչպես նաեւ հնարավոր խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները:

Քննարկվել է նաեւ 2014թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հարցը:  Տեղեկացվել է, որ 2014թ-ին դոտացիաներն առաջին անգամ հաշվարկվելու են` հիմնվելով Բնակչության  պետական ռեգիստրի տվյալների վրա:

Փոխվարչապետը կարեւորել է համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների  հետ համատեղ աշխատանքը` ռեգիստրի տվյալների ճշգրտման ուղղությամբ,  որից հետո միայն կկատարվի դոտացիաների  հաշվարկը:   2014թ. համար համայնքներին տրամադրվող դոտացիաների ընդհանուր ծավալը նախատեսվում է շուրջ 39 մլրդ դրամ, ինչը 2,7 մլրդ դրամով  գերազանցում է 2013թ. ցուցանիշը:

Անդրադարձ է եղել նաեւ հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի ընթացքին:  Փոխվարչապետը կարեւորել է նաեւ աշնանացանի ընթացքում ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը եւ ջրօգտագործողների ընկերությունների հետ համագործակցությունը` ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրման հարցում: