Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձի կողմից դանակի մահացու հարվածներից սպանված «ԲԱՄՕ» ընկերությունների համասեփականատերերից Հովիկ Մուրադյանի գործի քննության ընթացքից հարազատները գոհ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովիկ Մուրադյանի եղբայրը` Մարզահամերգային համալիրի սեփականատեր Բորիս Մուրադյանը: Նա հերքեց այն խոսակցությունները, թե սպանությունը տեղի է ունեցել պարտքերի պատճառով, քանի որ իր եղբայրը, որեւէ մեկին պարտք չի եղել:

Հարցին, թե գործով կա՞ կասկածյալ կամ կասկածյալների շրջանակ, նա արձագանքեց. «Ամեն ինչ էլ կա, բայց քննության շահերից ելնելով չեմ կարող մանրամասնել»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձը դանակի մահացու հարվածներ է հասցրել գործարարին, ով Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է: Սպանությունը տեղի էր ունեցել Lotte Plaza հյուրանոցի մոտ` Մոսկվայի կենտրոնում: Դիմակավորված տղամարդը հարձակվել է մոտ 50 տարեկան անձի վրա եւ դանակի հարվածներ է հասցրել: Դրանից հետո հանցագործը մեքենայով թաքնվել էր դեպքի վայրից: Հովիկ Մուրադյանը հյուրանոցում հանդիպման էր եկել: Երբ Մուրադյանը դուրս էր եկել մեքենայից, նրան խակի գույնի հագուստով տղամարդ էր մոտեցել: Հասնելով գործարարին` հանցագործը դանակի երկու հարված էր հասցրել: Հովիկ Մուրադյանը 90-ականների սկզբին եղբոր հետ հիմնադրել էր «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը: Տեղեկացրել էինք նաեւ, որ «ԲԱՄՕ» ընկերությունների համասեփականատերերից Հովիկ Մուրադյանը եղբայրների հետ Մոսկվայում հիմնականում շինարարական բիզնեսով էր զբաղվում : Իսկ «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունների անունը ստեղծվել է չորս եղբայրների անվան առաջին տառերի հապավումից` Բորիս, Հակոբ (ռուսերեն՝ Ակոբ), Մուրադ եւ Հովիկ (ռուսերեն՝ Օվիկ):