18-ամյա Արարատ Ա.-ն դանակահարել է Հրանտ Հ.-ին՝ մորաքրոջ աղջկա հետ ընկերություն անելու համար: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 18-ամյա Արարատ Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 27-ին ժամը 17-ի սահմաններում Կոտայքի Մարզի Գառնի գյուղում մորաքրոջ դստեր` Հայկանուշ Հ.-ի, հետ ընկերություն անելու կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում, Հրանտ Հ.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հրանտի կրծքվանդակի ձախ կեսի ստորին հատվածին, ձախ գոտկային շրջանի եւ ձախ ազդրի վերին դրսային երրորդականին:
Հրանտ Հ.-ի առողջությանը պատճառվել է թափանցող` ծանր վնաս: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 17-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը:





























