23-ամյա Հայկ Մ.-ն դանակահարել է ընկերուհուն զանգած Գեւորգ Ճ.-ին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Հայկ Մ.-ն 2013թ. հունիսի 16-ին ժամը 22-ի սահմաններում համագյուղացի Արմեն Թ.-ին պատկանող «ՎԱԶ 2601» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Արմավիրի մարզի Ամբերտ գյուղ, միջնակարգ դպրոցի հարեւանությամբ գտնվող տարածքում հանդիպել է նույն գյուղի բնակիչ Գեւորգ Ճ.-ին եւ բացատրություն պահանջել նախօրեին իր ընկերուհի Ելենա Մ.-ի բջջային հեռախոսին զանգահարելու, ինչպես նաեւ` իր հետ հեռախոսազրույցի ժամանակ իրեն հայհոյելու համար:
Այնուհետեւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության եւ կռվի, որի ժամանակ իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է Գեւորգ Ճ.-ի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին` դրանով նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Հայկ Մ.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 17-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը:





























