Թուրքիայի քաղաքացի Օրհան Քըլըչը այս տարվա հուլիսին հեծանիվով այցելել է Հայաստան եւ իր տպավորությունների մասին պատմել թուրքական Hurriyet-ին։

Նախկին ինժեներ Օրհան Քըլըչը, ով թոշակի անցնելուց հետո սկսել է հեծանիվով երկար ուղեւորություններ կատարել, այս տարվա հուլիսին իր հերթական ուղեւորությունն ուղղել է Հայաստան։ Օրհան Քըլըչը պատմել է, որ Հայաստանի սահմանակետում իրեն դիմավորած հայ աշխատակիցը թուրքերենով բարի գալուստ է ասել եւ շատ քաղաքավարի վերաբերմունք ցույց տվել։

«Հայաստանի ճանապարհները քանդված էին, սակայն հայերի հյուրընկալությունը ստիպեց արագ մոռանալ դրանք։ Բոլորը հետաքրքություն էին ցուցաբերում եւ օգնում, երբ իմանում էին, որ Թուրքիայից եմ։  Միայն Էջմիածինում մի երիտասարդ քահանա բացեց Ցեղասպանության թեման։ Ես ասացի, որ պետք է պատմությունը թողնենք պատմաբաններին, իսկ հետո այդ քահանայի հետ ընկերացանք։ Նրան հրավիրել եմ Ստամբուլ։ Մեզ շատ լավ էին վերաբերվում նաեւ այն հոսթելում, որտեղ որ մենք մնացինք Երեւանում։ Երեւանի ամենալավ ռեստորանի տեղը մեզ բացատրեցին Ցեղասպանության թանգարանի աշխատակիցները։

Աշխատանքի համար Թուրքիա եկածները թեեւ քիչ էին, սակայն նրանց հետ էինք թուրքերենով խոսում, քանի որ անգլերենը չէր օգնում։ Հանդիպեցինք նաեւ այնպիսի անձանց հետ, ովքեր տեղահանության ժամանակ կորցրել են ընտանիքի անդամների մեծ մասին։ Ոչ մի տեղ մեզ վատ չեն վերաբերվել»,-նշել է Օրհան Քըլըչը։