Հայաստանում թանկացել են թաղման բյուրոների ծառայությունները: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարի այդ ծառայությունը 4%-ով թանկ է նախորդ տարվա համեմատ:

Ընդ որում՝ ԱՎԾ-ն դագգաղի ամենաբարձր գին արձանագրել է Կապանում՝ 65 հազ. դրամ: Երեւանը երկրորդ տեղում է՝ 55,2 հազ. դրամ: Ամենաէժան դագաղ առաջարկվում է Արտաշատում՝ 39,3 հազ. դրամ: Գյումրիում այն արժե 44,8 հազ. դրամ, Վանաձորում՝ 43,7 հազ. դրամ, Հրազդանում՝ 52 հազ. դրամ:

Նշենք, որ այս գները հարաբերական են: Սգո ծառայություններում մեր հարցումները ցույց են տալիս, որ դագաղի գները սկսում են 25 հազ. դրամից ու կարող են հասնել մինչեւ 3000 դոլարի: Դա կախված է օգտագործված նյութից կամ ձեւավորումից: Ամենաէժանը «պլաստիկատից» պատրաստված դագաղներն են, ամենաթանկը՝ փայտյա դագաղները: Կան միջին գների դագաղներ, որոնք մասամբ փայտից են, մասամբ այլ նյութերից:

Նշենք, որ թաղման բյուրոներում ծառայությունները բազմաթիվ են՝ երաժշտություն, մեքենա, տան ձեւավորում, եւ այլն: Այս ծառայությունները եւս թանկացել են, հատկապես ավտոմեքենան՝ դրա արժեքը 10-60 հազ. դրամ է: Երաժշտությունը (դուդուկ) կարելի է պատվիրել 40 հազ. դրամով (2 օր՝ մեկական ժամ): Նշենք սակայն, որ այս ծառայություններում գները կարելի է սակարկել, քանի որ հատկապես Երեւանում բավական ուժեղ մրցակցություն կա: