Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցությունը եւ, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:
Անդրադառնալով նախորդ ծրագրի արդյունքներին՝ Մարկ Հորթոնն ընդգծել է դրա շրջանակներում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված մի շարք բարեփոխումների փաստը:
Իր հերթին, վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են շարունակելու տարբեր ինստիտուտների զարգացման ծրագրերը:
Այնուհետեւ կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին եւ հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:





























