Երկու տարում Հայաստանում ապահովագրման ծավալն աճել է 20-25 անգամ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Երեւանում նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը:

«Մենք կարողացանք հաղթահարել մեր առջեւ ծառացած խնդիրները, խոսքը ինչպես ԱՊՊԱ-ի, այնպես էլ պետծառայողների համար պարտադիր բուժապահովագրության մասին է: Դա կես միլիոնանոց շուկա է: Եւ մոտ 100 հազար մարդու սպասարկում է մեր ընկերությունը»,- նկատել է Գրիգորյանը:

Նրա խոսքով, մեծ նշանակություն ունի եւ ռուսաստանյան մայր ընկերությունից՝ «ՌԵՍՈ-Գարանտիա»-ից ընդօրինակված փորձը: «Ռուսաստանյան շուկայում փորձարկված նոր ապրանքները մենք սկսել ենք կիրառել եւ այստեղ: Այժմ մենք առաջարկում ենք միանգամից 12-13 նոր պրոդուկտ: Այդ թվում տան ապահովագրությունը տարեկան 8-10 հազար դրամով: Դրա մեջ մտնելու են հրդեհներից, հարեւանների կողմից ջրվելուց, պայթյուններից եւ այլնից ապահովագրումը: Փոխհատուցման չափը կազմելու է 1,5-ից 2 մլն դրամ»,- նկատել է Գրիգորյանը:

Պարտադիր պրոդուկտների, այդ թվում պետծառայողների համար պարտադիր բուժապահովագրության, հիման վրա ընկերությունը նոր ծառայություններ է մշակել, այդ թվում՝ ամբուլատոր սպասարկման բյուջետային փաթեթներ:

«ՌԵՍՈ» ՓԲԸ-ի հավաքած ապահովագրական վճարումների նետտո-ծավալը 2012թ. Կազմել է մոտ 5,08 մլրդ դրամ (օրվա կուրսով՝ մոտ 12,4 մլն դոլար), ինչը 2,26 անգամ ավելին է, քան 2011թ.: Հիմնականում աճը ապահովվել է պարտադիր բուժապահովագրության շնորհիվ, որը վճարումների պորտֆելում կազմել է 52,5 տոկոս: 43 տոկոսը կազմում է ԱՊՊԱ-ն, մյուս տեսակները (ԿԱՍԿՈ, ունեցվածքի ապահովագրում եւ այլն) ծավալներով փոքր են, ինչպես եւ Հայաստանի ողջ ապահովագրական շուկայում: