Հայաստանում անհրաժեշտ է մասնագիտական ու արտադրական պատասխանատվության ապահովագրություն: Այդ մասին սեպտեմբերի 18-ին Երեւանում լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովը, ով ժամանել է Երեւան մասնակցելու Հայաստանում «ՌԵՍՈ» ՓԲԸ դուստր ձեռնարկության գլխամասային գրասենյակի բացման արարողությանը:

«Հայաստանյան շուկան փոքր է, եւ հրաշքներ սպասել պետք չէ: Հույս ունենք, որ պետությունը տարեցտարի կավելացնի ապահովագրության նկատմամբ ուշադրությունը. մարդիկ կհասկանան, որ դա իրենց պետք է: Մենք հույս ունենք, որ կավելանան այնպիսի տեսակներ, ինչպիսիք են մասնագիտական պատասխանատվության, արտադրական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն եւ այդպես շարունակ»,- հայտարարել է նա:

Արտոնագրերից բացի ընկերություններն ու անձինք, ովքեր զբաղվում են որոշակի գործունեությամբ, կապահովագրվեն հասարակությանը սպառնացող հնարավոր վտանգներից: «Հայաստանյան շուկայում եղածի համեմատ կարելի է 100 անգամ ավելին անել: Համեմատության համար ասենք, որ ԱՄՆ-ում գոյություն ունի 4000-ից ավելի պարտադիր ապահովագրության տեսակ»,- ներկայացրել է Սարկիսովը: