«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Շիրակ հանրախանութի մոտակայքում ծեծի է ենթարկվել «Բարև» շարժման ակտիվիստ, ԺՈՒԿ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ Վիգենի ձեռքից վերցրել են թռուցիկը, ապա իմացել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հանրահավաքի հրավիրողը, վիրավորել են Րաֆֆին, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Վիգենին ու խմբով ծեծել: «Թեև կարծում եմ Վիգենի նկատմամբ բռնությունը նախապես պլանավորած չի եղել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ իշխանության հենարան հանդիսացող թաղային խուժանի կեցվածքը նույնպես խոսում է ոհմակի անդամների պատային հոգեբանության մասին»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա նաեւ նշեց, որ Վիգենը կապտուկներ, վնասվածքներ ունի դեմքի շրջանում, դիմել է ոստիկանություն, հաղորդում է տվել եւ արդեն կա հարուցված քրեական գործ, իսկ ակտիվիստին տրվել է դատաբժշկի ուղեգիր:Ավագանու անդամն ասաց, որ ակտիվիստը իրեն հայտնել է, որ ոստիկաններն արդեն ունեն կասկածյալների որոշակի շրջանակ:





























