Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել: «Ինտերֆաքս»-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի բնակիչ, 1968թ. ծնված Ֆաբրիս Սալամ Հուսեյնովը իր ավտոմեքենայով մոտեցել է Բայկալի փողոցի N29 տանը, իջել է մեքենայից, ինչից հետո նրան են մոտեցել երկու անծանոթներ եւ մի քանի կրակոց արձակելով հեռացել: Ստացված վերքերից տղամարդը տեղում մահացել է: Աղբյուրի տվյալով՝ սպանությունը պատվիրված բնույթի էր:
ՆՏՎ-ն հայտնում է, որ 45-ամյա Ֆաբրիս Սալամ Հուսեյնովը սեպտեմբերի 18-ի երեկոյան պատրաստվում էր ընթրելու գնալ: Սակայն մեքենայից դուրս գալուն պես նրան զինված երկու անձինք են մոտեցել: Սալամ Հուսեյնովը հավանաբար նրանց նկատել է: Ականատեսների պնդմամբ՝ նա փորձել է զենք հանել, սակայն չի հասցրել: Հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմում են, որ մարդասպանները զոհին վախեցնելու միտք չունեին, այլ եկել էին սպանելու նպատակով: Հարազատները հայտնել են, որ Ֆաբրիսին վաղուց սպառնում էին:





























