Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել երեկ՝ սեպտեմբերի 18-ին Լենինգրադյան փողոցում ակտիվիստին ծեծի ենթարկելու գործով:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն եւ հայտնել, որ Լենինգրադյան փողոցում մի խումբ տղաներ իրեն ծեծել են:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն եւ Էդգար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգենի ու Էդգարի անձերը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Մեր տեղեկություններով, Վիգեն Դ.-ն Բարեւ» շարժման ակտիվիստ, ԺՈՒԿ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանն է, ով ծեծի է ենթարկվել երեկ՝ սեպտեմբերի 18-ին՝ սեպտեմբերի 20-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս:





























