Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը համակարգել եւ ըստ ոլորտների վերլուծում է Երեւանի 12 վարչական շրջաններում տեղադրված առաջարկությունների տաղավարներով ստացված առաջին նամակները։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպել է հետաքրքիր առաջարկների հեղինակ քաղաքացիների հետ։ Օրինակ, Թեհմինա Հայրապետյանը եւ Լիդա Խաչատրյանը, ովքեր Երեւանի հ. 62 դպրոցի աշակերտներ են, մի քանի առաջարկություններ են ներկայացրել, որոնց թվում՝ երիտասարդական առցանց պարբերական ստեղծելու մտահղացումն է։ Աշակերտուհիներն առաջարկում են ստեղծել կայք,  որը քննարկումների հարթակ կդառնա երեւանաբնակ պատանիների ու երիտասարդության համար, կներկայացնի երիտասարդների առօրյան, հետաքրքրությունները։

Քննարկվել են նաեւ մի շարք այլ նախաձեռնությունների առաջարկներ, որտեղ պատանիները կարող են ունենալ անմիջական մասնակցություն, հաղորդել իրենց նոր գաղափարները։

Հիշեցնենք, որ առաջարկությունների տաղավարների տեղադրումը քաղաքացիներին Երեւանի զարգացման ծրագրերում ներգրավելուն ուղղված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական նախաձեռնությունն է:  Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական վայրում տեղադրվել է մեկական տաղավար։