Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինքնաբացարկի մասին այլ դիմումներ առկա չեն:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն` թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ ս.թ. սեպտեմբերի 19-ը, ժամը 18.00-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկը՝ Վահրամ Հովհաննիսյանը, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: Փաստորեն, Սյունիքում պատգամավորի մանդատի համար կպայքարի 2 թեկնածու՝ Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ նախապես Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու: