Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 19-ին կայացած իր հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել Արարատ քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններ նշանակել՝ կապված օգոստոսի 15-ին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի վախճանվելու հետ: Վերջինս տառապում էր գլխուղեղի քաղցկեղից:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից, վաղաժամ դադարեցվել են նաեւ Արարատի մարզի Նշավան գյուղական համայնքի ղեկավար Մկրտիչ Ներսիսյանի եւ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղական համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանի լիազորությունները: Մկրտիչ Ներսիսյանը հրաժարական է տվել առողջական վիճակի պատճառով, իսկ Խաչիկ Հովհաննիսյանը մահացել է:

Ընտրությունները կկայանան կառավարության որոշման կայացմանը հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: