Քալիֆորնիայի Բերբանք քաղաքի 23-ամյա բնակիչ Կարլեն Ստեփանյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքում, որ սեպտեմբերի սկզբին կրակել է իր ընկերոջ ոտքին: Այս մասին գրում է «Burbank Leader»-ը:
Կարլեն Ստեփանյանը սեպտեմբերի 3-ին կրակել է իր ընկերոջ ոտքին այն բանից հետո, երբ վերջինս փորձել է միջամտել Ստեփանյանի եւ նրա եղբոր վիճաբանությանը:
Ոստիկանությունը զոհին հայտնաբերել է այն ժամանակ, երբ Ստեփանյանի եղբայրն ու մայրը վիրավոր տղայի հետ միասին մեքենայով սլանալիս են եղել հիվանդանոց:
Ստեփանյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, որից հետո ոստիկանությունը դիմել է բնակիչների օգնությանը՝ խնդրելով որեւէ տեղեկության դեպքում՝ հայտնել իրենց: Ավելի ուշ Ստեփանյանը ինքնակամ ներկայացել է Բերբանքի ոստիկանություն:
Նա ներկայումս կալանքի տակ է, գրավի գումարը կազմում է 1,5 մլն դոլար: Մեղադրյալը պետք է կրկին դատարանի առջեւ կանգնի հոկտեմբերին:





























