Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը չի զղջում աշխատանքից ազատվելու համար, եւ այժմ փորձում է կայանալ նոր աշխատանքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Քոչարյանը:

Դեռեւս մայիսին աշխատանքից ազատվելուց հետո նա ստեղծել է «Լեքս դոմիունուս» փաստաբանական գրասենյակը, ասում է, թե շատ չի տարբերություն իր աշխատանքից, իր նախասիրությունն է դա, պետական պաշտոնից հեռանալու որոշումն էլ եղել է գիտակցված, ոչ թե պահի տակ՝ էմոցիաների, տրամադրության ներքո:

Նա նշեց, որ շուկան շատ հագեցած է, հաճախորդներ արագ չեն հավաքվում. Հիմնականում գալիս են իրեն ճանաչողները, «այնպես չէ, որ հաճախորդ չկա, բայց դա մեր ցանկալի վիճակը չի»: Գրասենյակում աշխատում են 2-3 փաստաբաններով՝ «քիչ, բայց որակով» սկզբունքով, ինքն անձամբ զբաղվում է քաղաքացիական, վարչական գործերով: Երեքամսյա գործունեության ընթացքում արդեն մի քանի գործեր ունի, որոնցում հաջողության են հասել:

Տարիներ ի վեր ոստիկանության համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Հովհաննես Քոչարյանը փորձում է կայանալ փաստաբանական ծառայությունների ոլորտում: Նա նշեց, որ եկամտի առումով համեմատելու եզրեր չկան այժմյան եւ պետական գործի հետ, այստեղ շատ ավելի շատ է վաստակում, ավելի ինքնուրույն է եւ ինքն է պատասխանատու ամեն ինչի համար: «Որ ասեմ հարյուր տոկոսով պաշտոնյայի տրանսֆորմացվել եմ փաստաբանի, ոչ, մի քիչ մտածողության տարբերություն կա, որովհետեւ այժմ ավելի շատ համառ պիտի լինես, քան պաշտոնյա եղած ժամանակ, քանի որ եթե նախորդ դեպքում ավելի արագ կստացվի ամեն ինչ՝ ինչ-որ տեղ ճանաչելով, եւ այլն, այժմ պետք է համառ լինես: Շատ պարտաճանաչ եմ, ամեն դեպքում եթե ճանաչում են, դրական վերաբերմունք են ցույց տալիս, բայց նորմալ է նաեւ, երբ չեն ճանաչում»,- նշեց անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետը:

Հարցին, թե այժմյան աշխատանքի բերումով չեք առնչվում ձեր նախկին գործընկերների հետ եւ ստիպված չէք լինում նրանց դեմ խոսել, քլնգել քննիչների, դատավորների աշխատանքր, Հովհաննես Քոչարյանը պատասխանեց, որ մասնագիտական քլնգոցը իր մոտ լավ է ստացվում, եթե պետք լինի, հանուն վստահորդի, բմբուլներն էլ քամուն կտա:

Բացի Փաստաբանական գործունեությունից Հովհաննես Քոչարյանը նաեւ դասավանդում է  Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: դասախոսական աշխատանքը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքից ազատվել է Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը, ով այդ նույն պաշտոնից ազատվել էր 2012 թվականի հունվարին, իսկ 2012թ-ի օգոստոսին նա նշանակվել էր ոստիկանության պետի  աշխատակազմի ղեկավար: