Շիրակի մարզում 15 տարի առաջ ոմն Դիանյայի սպանած եւ դիակը թաքցրած Գոգհովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը մեկ անգամ էլ է ձերբակալվել Ռուսաստանի Դաշնությունում՝ խմբակային կռվի մասնակցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Գոգհովիտ գյուղի բնակիչները:
«Ռուսաստանում խմբակային վիճաբանության ժամանակ Արմենը դանակահարվել է: Մյուսները դեպքի վայրից փախել են եւ միայն նա է կալանքի վերցվել: Բայց, քանի որ փախուստի դիմածները չեն հայտնաբերվել, իրեն էլ են ազատ արձակել»,- պատմեցին գյուղացիները:
Իսկ Դիանայի սպանության մասով նշեցին, թե Արմենը պատմել է, որ սպանությունը պատահականություն է եղել: «Իր պատմելով՝ մահացածն իր գումարը վերցրել է եւ վիճաբանության ընթացքում, երբ հրել է, Դիանան սայթաքել է եւ գլուխը կպել է պատուհանագոգին»,- նշեցին գոգահովիտցիները:
Համագյուղացիների պատմելով Արմենը զբաղվում էր հողագործությամբ, ամուսնացած է, ունի 3 աղջիկ եւ մեկ տղա: Աղջիկներից մեկն էլ ամուսնացած է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզում սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը բացահայտել է 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության Շիրակի բաժնից: Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը խոստովանել է, որ իր հայրական տանը 15 տարի առաջ վիճաբանել է ոմն Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Հարվածից հետո Դիանան գիտակցության չգալով մահացել է:
Նա նաեւ ցույց է տվել իրենց հին գյուղում գտնվող այն շինությունը, որտեղ թաղել է մահացածին: Մատնանշված վայրից իրավապահները դուրս են բերել մահացածի դին: Գոգհովիտի գյուղացիներն էլ հայտնեցին, որ Արմեն Շահբազյանը իրենց գյուղից է, սակայն Դիանան իրենց գյուղի բնակիչ չէ: Նաեւ նշել էին, որ սպանությունը տեղի է ունեցել գումարի պատճառով:





























