Ռուսաստանի ՔԿ-ն սեպտեմբերի 19-ին հայտարարել է Աբխազիայում ռուսական դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւի եւ նրա կնոջ` Օլգայի սպանության բացահայտման մասին:

Հիշեցնենք, որ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր չեչեն 25-ամյա վարձկան Յուսուֆ Լակայեւը: Հանցագործին կալանավորել էին Բաթումում: Վրացի ոստիկանները խուզարկել են հանցագործի բնակարանը, որտեղ հայտնաբերել էին հրազեն եւ սառը զենքեր: 

Ըստ «Կոմերսանտի»` վրացի ուժայինները հանցագործի հետքի վրա են դուրս եկել ռուսական հատուկ ծառայությունների շնորհիվ:
Լրագրողները որոշ մանրամասներ են ճշտել ռուսաստանցի դիվանագետի սպանության մասին: Նախքան սպանելը, Լակայեւը բաց գույնի էր ներկել իր կարմրավուն մազերը: Ուշադրություն չգրավելու համար տղամարդը  օրինակելի ընտանիք ունեցող մարդու համբավ էր ձեռք բերել: Նա Աբխազիա էր եկել կնոջ եւ երեխայի հետ: Մի քանի շաբաթ  հուշանվերներ էր վաճառել ծովափին: 

Սկզբում մարդասպանը ռումբը տեղադրել էր քարտուղարի մեքենայի տակ, սակայն պայթուցիկը չեր գործել: Այն ժամանակ նա ատրճանակով կրակել էր Վիշերնեւի մեքենայի վրա:  Ռումբը նորից չէր պայթել, քննիչները  կարողացել են  պայթուցիկի մակերեւույթից կենսաբանական նյութ հավաքել: Տվյալները համեմատել էին Սուխումի բնակարանում հայտնաբերածի հետ, որի հիման վրա էլ ՌՔԿ-ի աշխատակիցները կարողացել են պարզել հանցագործի ինքնությունը, հայտնում է rbc-ն: 

Աբխազիայի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ խոստովանում է, որ Սուխումում ռուսաստանցի դիվանագետի սպանության հիմնական վարկածներից մեկը դիտարկվում է Աբխազիայոմ Ռուսաստանի քաղաքացիների գույքային իրավունքի պաշտպանությունը Դմիտրի Վիշերնեւի կողմից: Սակայն գերատեսչությունը լրատվամիջոցներին եւ բոլորին կոչ է արել զերծ մնալ կտրուկ եզրակացություններից եւ սպասել քննության արդյունքներին, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ Աբխազիայում վարկած կար, որ սպանության հետեւում կանգնած են հյուսիսկովկասյան հանցախմբերի առաջնորդները, որոնք վճռել էին սրել երկու երկրների միջեւ հարաբերությունները: