«ՉԻ» տեղեկություններով՝ եվրոպացիները բավականին լուրջ գումարներ են հատկացրել Հայաստանի կառավարությանը բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Գումարները, որոնք դրամաշնորհների եւ վարկերի տեսքով են տրամադրվել Հայաստանին, պետք է տրվեն կոնկրետ ընկերությունների, որոնք պետք է մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին, ապա շահեն այն՝ կարողանալով ստանալ գումարը։
Այսինքն՝ դրամական հոսքերը պետք է ուղղվեն ոլորտում գոյություն ունեցող այն ընկերություններին, որոնք կմասնակցեն մրցույթին եւ կշահեն տենդերը՝ համապատասխան ֆինանսավորմամբ։
Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ստացել է ֆինանսավորումը, այդ գումարները բաշխում է յուրային ընկերությունների միջեւ։ Անցկացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում, քանի որ իրականում ի սկզբանե որոշված են լինում «հաղթողները»։ Մեր տեղեկություններով՝ ոլորտի առաջատար ընկերությունները մտահոգված են այս փաստով, եւ առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողությունների դիմել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























