Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. կա դիզվառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 09 LU 604 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ՝ Իսպանիայի Հանրապետության քաղաքացի, 58-ամյա Ջուաո Մաքեադը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոմեքենայի դիզվառելիքի արտահոսքի դադարեցում եւ ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: