ԱՊՀ երկրների «Արտ-Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը մեկնարկում է այսօր՝ սեպտեմբերի 20-ին՝ Գյումրիում:
Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Արտ-Էքսպո» ցուցահանդեսը յուրօրինակ տարեկան հաշվետվություն է Հանրապետությունում կայացած մշակութային նշանակալից եւ հետաքրքիր միջոցառումների ու նախագծերի վերաբերյալ:
2012 թ. հայաստանյան «Արտ-Էքսպո» ցուցահանդեսն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի խորագրի ներքո:
2012 թ. ՀՀ մշակույթի նախարարությանն առաջարկել է կազմակերպել վերոնշյալ նախագիծը ԱՊՀ շրջանակներում: Նույն թվականի ապրիլին Երեւանում կայացած ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստում (որտեղ նախագահում էր Հայաստանը) հավանություն է տրվել ԱՊՀ ձեւաչափով «Արտ-Էքսպո» ցուցահանդեսի անցկացմանը: Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել նախագիծը Գյումրիում պիլոտային կարգով` ցուցահանդեսի բուն էությունը մյուս երկրներին ցուցադրելու համար եւ նախագիծը ներառվել է «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրում:
Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) եւ Գյումրու քաղաքապետարանը: Ծրագիրն իրականացնում է «Արտ-Էքսպո» հասա¬րակական կազմակերպությունը:
ԱՊՀ երկրների «Արտ-Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսի նպատակն է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ մշա¬կու¬թային երկխոսության միասնական հարթակի ձեւավորումը, տարածաշրջանային մշակութային բազմազանության խրախուսումը, միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեւաչափերի ստեղծումը, հե¬տա-գայում նաեւ համատեղ միջպետական նախագծերի իրականացումը:
Ցուցահանդեսի ընթացքում Գյումրիի կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով կներկայացվեն «ԱրտԷքսպո-ԱՊՀ» (ԱՊՀ 9 երկիր), «Արտ-Էքսպո-Մարզեր» եւ «ԱրտԷքսպո-ամենամյա միջոցառումներ» հարթակները, կկազմակերպվեն բրիֆինգներ, ինչպես նաեւ կգործի «Գրական սրճարանը»: «Տարածաշրջանային մշա-կութային խճանկար-տոնացույցի» միջոցով կներկայացվեն ԱՊՀ տարա¬ծաշրջանի նշանակալի միջոցառումները:
Օրվա ընթացքում Գյումրիի Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում, Հովհ. Շիրազի տուն-թանգարանում եւ Ձիթողցյանների տանը կկազմակերպվեն նոր նախագծերի շնորհանդեսներ, տեղի կունենան հանդիպումներ:
Հրապարակին հարակից պուրակում կկազմակերպվի «Ավանդական արհեստների եւ արվեստների փառատոնը», «Խաղաղության պուրակում» կընթանա Քանդակի փառատոն-սիմպոզիումը:
Երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, նվիրված վաստակաշատ կոլեկտիվի 20-ամյակին:





























