Երեւանում Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց այսօր` սեպտեմբերի 20-ին, ժամը 09:00-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ասֆալտապատման աջ մասում կայանված տեխնիկային, վերջինս շրջվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենաների կուտակում է  տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Նրա խոսքով՝ վթարն արդեն վերացված է, մեքենաները հանված են եւ տրանսպորտը արդեն լուսացուցային ռեժիմով աշխատում է: Արսեն Արշակյանը նաեւ նշեց, որ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում` դեպի Նալբանդյան փողոց եւս կուտակումներ են նկատվում, ինչը պայմանավորված է Ազատության հրապարակում վաղը սեպտեմբերի 21-ին իրականացվելքի տոնակատարության նախապատրաստական աշխատանքներով:

«Հանրապետության հրապարակում արդեն բեմահարթակն է տեղադրվում, որը երթեւեկելի հատվածն է  զբաղեցնում՝ շատրվանների դիմացի հատվածը: Երթեւեկությունն այդ հատվածում դադարեցված է եւ ուղղությունը տրված է միայն Նալբանդյան փողոցով դեպի վերեւ` Սախրովի հրապարակ: Ինչի հետեւանքով նաեւ Նալբանդյան փողոցն է մեզ մոտ ծանրաբեռնված»,- նշեց Արսեն Արշակյանը: