Սեպտեմբերի 20-ի առավոտից Թբիլիսիի թիվ 21 դպրոցում տարհանում է հայտարարվել: Տարհանման մասին լրատվամիջոցներին հայտարարել են աշակերտների ծնողները:

Նրանց խոսքով՝ առավոտյան մոտ 11-ին զանգահարել են դպրոցի ղեկավարությունից, հաղորդել են տարհանման մասին եւ խնդրել են գալ-տանել երեխաներին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ընդգծենք, որ Վրաստանում վերջերս կեղծ հաղորդագրությունների տեղատարափ է: Փրկարարներն արդեն 2 անգամ տարհանել են «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» հեռուստաալիքները: Օդանավակայանում, խորհրդարանում եւ բանկի մասնաճյուղերում ռումբի տեղադրման մասին եւս հաղորդագրություններ են ստացվել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, ստացել է նմանատիպ 15 հեռախոսազանգ: Անանուն զանգերի բոլոր հեղինակները պարզվել են, նրանց մեծ մասը անչափահասներ են եղել:

 

Վրաստանի խորհրդարանն ընդունել է համապատասխան օրինագիծ, որի համաձայն նման քայլի գնացողները կազատազրկվեն 5 տարով: Այն դեպքում եթե կեղծ հեռախոսազանգի արդյունքում լուրջ հետեւանքներ գրանցվեն, ժամկետը կարող է հասնել 7 տարվա: