Կորուստներով, ցեց ընկած անկախությունով հանդերձ մեր անկախությունն անշրջելի է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Ցեց ընկած, ճիճու կերած անկախություն ունենք, բայց դա չի նշանակում, որ դա կորսված է, որովհետեւ կա հաղորդակցություն, որը բոլորին կապում է իրար, երիտասարդություն։ Անկախություն բերած սերունդը դեռ կռիվ է տալու, մենք չենք զիջի մեր անկախությունը: Իմ եւ ձեր սերնդի միասնականությունը, անկախ լինելու ցանկությունը բավարար է անկախությունը պահելու համար։ Ով էլ լինի այնտեղ հակաանկախական, մենք մեր խնդիրը լուծելու ենք»,- ասաց պատգամավորը։

Նա շեշտեց, որ  Հայաստանի անկախությունը թուլացրինք այն ժամանակ, երբ բոլոր էներգակիրները շրջանցեցին Հայաստանը, դրանք անկախության կարեւոր գործուններ են։ «Մյուս քայլն այն էր, երբ էներգահամակարգը տվեցինք այլ երկրի, իսկ Ռոբերտ Քոչարյանի ձեռքով այլ երկրի տվեցինք ռազմական հիմնարկները: Մշակութային արժեքները «գռուզավիկով» տարան Եվրոպա: Ով ինչ ուզեց, տվեցինք, Տիգրանն Սարգսյանն էլ վաճառեց  «վալյուտան»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ մտավախություն ուներ, որ Հայաստանը չի դիմանա եւ առաջին հանրապետության ժամկետը կկրկնվի, բայց հենց երկու տարին անցավ, հասկացավ, որ մեր անկախությունն անշրջելի է։

«1991թ, երբ հեռուստատեսություն, հանդիպումներ, հաղորդակցման հնարավորություն, էներգիա, ճանապարհներ չկային, երբ մենք այո-ի երթ դեպի Գյումրի կազմակերպեցինք, բենզին էին ճարում, որ մեքենաներ սնունդ բերեին, 2 մլն 42 հազար մարդ այո քվեարկեց, ոչ մեկ ոչ խնդրել է, ոչ վարչական լծակ է կիրառել, ամբողջ ազգով պոռթկացինք, տաս հազար մարդ կամավոր դեմ քվեարկեց։ Բնակչության 99 տոկոսը մասնակցեց, իսկ 90  տոկոսը այո քվեարկեց, սա միասնական դրսեւորում էր։ Քվեաթերթիկներ անսահմանափակ էին, համարակալած չէին, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ կարելի է քվեաթերթիկ գողանալ ու գցել»,-ասաց Արամ Մանուկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am