Տավուշ մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց Իջեւանի Աչաջուր գյուղում 30-ամյա եղբորը՝ Հարությունին սպանելու մեջ մեղադրվող  47-ամյա Գառնիկ Խոջոյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Իջեւանի բաժնից:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Ոստիկանությունից հայտնեցին, որ Գառնիկ Խոջոյանի մայրը գործով անցնում է որպես վկա: 

Ոստիկանությունը այլ մանրամասներ եւս հաղորդել է դեպքի մասին: Մայրը պատմել է, որ այդ որդին տուն է եղել հարբած վիճակում, վիճել են իր ներկայությամբ: «Ինքը շատ ուժեղ խմած եկել էր, Հարութն ասաց՝ իմ  փողի հետ գործ չունես, իմ հանգիստ տեղը մի խանգարի, ես քեզ չեմ խանգարում: Նստած «տելեվիզր» եմ նայում, մեկ էլ տենամ՝ «տաբուրեդկեն» չըրխկ վրան»,- պատմում է կինը: Որդին մորը տարել գցել էր սենյակ եւ մինչեւ լույս թույլ չէր տվել դուրս գալ այնտեղից: Իսկ հետո, երբ մայրը հետաքրքրվել էր, թե որտեղ է Հարութը, նա ասել էր՝ «Հարութը չկա, էլ չկա, էլ Հարութի անունը չտաս, գնացել է Ղարաբաղ»:

Հիշեցնենք, որ սարսափելի դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Դեպքից 20 օր անց՝ օպերատիվ տվյալների հետքերով, Իջեւանի ոստիկանները ձերբակալել են Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Գառնիկ Խոջոյանին: Պարզվել է, որ նա իր եղբոր հետ վիճաբանել է, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի, եղբոր մահվան: Մայրն ու մյուս եղբայրը, նույն օրը, բոլորից գաղտնի կազմակերպել են մահացածի հուղարկավորությունը: Նրա որտեղ լինելն անհայտ է եղել նաեւ հարեւաններին ու իրեն ճանաչողներին: Դեպքի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններով Հարություն Վալոդի Խոջոյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գառնիկ Խոջոյանը: Մեր տեղեկություններով՝ ձերբակալման 72 ժամը լրանալուն պես  նրան մեղադրանք կառաջադրվի, եւ վերջինս կկալանավորվի: Մեզ հայտնի է դարձել նաեւ, որ ոստիկանությունը հանել է Խոջոյանների այգում թաղված Հարություն Խոջոյանի դին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այլ փորձաքննություններ եւս նշանակված են՝ դատակենսաբանական, դատահոգեբուժական: