Զգացմունքային քաղաքացիներն այսուհետ ստիպված կլինեն հասարակության աչքի առաջ զսպել իրենց զգացմունքները. Վիեննայի քաղաքային իշխանությունները մետրոյում ջերմ համբույրները համարում են հասարակական կարգի կոպիտ խախտում եւ ներդրել են 50 եվրո չափով տուգանք նման «հակասոցիալական» պահվածքի համար:

Մետրոպոլիտենի տարածքում կարգին կհետեւեն մոտ 200 հատուկ ուսուցանված հսկիչներ: Համբուրվող «կարգազանցներից» բացի, նրանք կբռնեն ու կտուգանեն նրանց, ովքեր հոտավետ պիցցա կուտեն, բարձրաձայն կխոսեն հեռախոսով կամ երաժշտություն կլսեն առանց ականջակալների, հաղորդում է Russia Today-ը:

Վիեննական մետրոպոլիտենի աշխատակազմը որոշել է լրջորեն զբաղվել գետնանցումում կարգի հաստատմամբ: Նորամուծություները կվերաբերեն ոչ միայն կարգազանցներին, այլ նաեւ նրանց, ովքեր աղտոտում են մետրոն. Նրանք նույնպես պետք է տուգանք վճարեն, ինչը համբույրներից ու հոթ-դոգերից ստացված գումարների հետ միասին զգալիորեն կավելացնի պետական բյուջեն:  Սակայն, նախքան տուգանքները կգործեն, կանցկացվի զանգվածային նախազգուշական քարոզարշավ՝ «Նախ եւ առաջ ուշադրություն», որի համար տեղական իշխանությունները կծախսեն մոտ 300 000 եվրո: