Քենիայում ոստիկանները հերթական գրոհն են ձեռնարկել Նայրոբիի առեւտրի կենտրոնում պատսպարված գրոհայինների դեմ, փոխհրաձգություն է սկսվել: Քենիայի անվտանգության ուժերի աղբյուրները AFP-ի հետ զրույցում հաստատել են, որ սեպտեմբերի 23-ին սկսվել է հակաահաբեկչական գործողության հերթական փուլը:

Սեպտեմբերի 22-ի երեկոյան հաղորդվել էր, որ ուժայինները սկսել են գրոհայինների դեմ գործողության եզրափակիչ փուլը: Նրանց հաջողվել էր ազատագրել պատանդների մեծ մասին: Ընդ որում, հաղորդվում էր, որ գրոհայինները նախկինի պես  պատանդ են պահում տասը մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զինված անձինք հարձակվել էին Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնի վրա:

Կրակոցներ Քենիայի առեւտրի կենտրոնում. կան զոհեր

Քենիայի առեւտրի կենտրոնում դրաման շարունակում է. 22 զոհ

Նայրոբիում առեւտրի կենտրոնի վրա հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի

Ըստ վերջին տվյալների` հարձակման զոհ է դարձել 68 մարդ, 200-ը վիրավորվել է:  Ականատեսները հայտնել են, որ  հարձակվողները թույլ են տվել շենքը լքել միայն մահմեդականներին: Սկզբում հաղորդվել էր, որ չարագործները փորձել էին կողոպտել կենտրոնի խանութներից մեկը, այնուհետեւ  երկրի ՆԳՆ-ից հայտնել էին  ծրագրված ահաբեկչական գրոհի մասին: Գրոհայինները օգտագործել են ինքնաձիգներ եւ ռումբեր: Հարձակման հետեւանքով զոհվել են Քենիայի նախագահական ընտանիքի անդամներ, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հարավային Կորեայի քաղաքացիներ: 

Սոմալիի «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումն իր վրա է վերցրել գրոհի պատասխանատվությունը` համապատասխան գրառում հրապարակելով  Twitter-ում: