Պակիստանյան Պեշավարում՝ Բոլոր Սրբերի Եկեղեցում, սեպտեմբերի 22-ին կրկնակի ահաբեկչության արդյունքում զոհվել է ավելի քան 80 մարդ: Հարձակումը երկրում քրիստոնյաների վրա խոշորագույն հարձակումն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին երկու պայթյուն է որոտացել Պեշավարի քրիստոնեական եկեղեցում: Մահապարտ-ահաբեկիչները գործի են դրել պայթուցիկները, երբ մարդիկ դուրս էին գալիս առավոտյան պատարագից: Ի սկզբանե հաղորդվում էր 10-25 զոհերի մասին:

Պակիստանում եկեղեցու մոտ ահաբեկչության արդյունքում նվազագույնը 10 մարդ է զոհվել 

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 81 մարդ, 145 հոգի վիրավորվել է: Զոհերի թվում ավելի քան 30 կին եւ երեխա կա: Վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Geo News-ը:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիկ-ի-Թալիբան-Պակիստան» շարժումը: Ինչպես հայտարարել է շարժման ներկայացուցիչ Ահմադ Մարվաթը, «օտարերկրացիների եւ ոչ մահմեդականների» դեմ ահաբեկչությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել ԱՄՆ անօդաչու սարքերի հարվածները երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող ահաբեկիչների ենթադրյալ դիրքերի վրա:

Ահաբեկչությունը Պակիստանի քրիստոնյաների դեմ ուղղված խոշորագույն ահաբեկչություններից էր:

Եկեղեցու վրա հարձակման առնչությամբ երկրում 3-օրյա սուգ են հայտարարել: