Հավաքական անվտանգության վերաբերյալ պայմանագրի կազմակերպության երկրները Սոչիում տեղի ունեցած գագաթաժոցովի ժամանակ ընդհանուր հայտարարություն են ընդունել՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ՝ ընդգծելով խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ու արտաքին ագրեսիայի անթույլատրելիությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ՀԱՊԿ երկրները միասնական են այն հարցում, որ Սիրիայում տիրող իրավիճակը կարգավորել հնարավոր է բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, ցանկացած արտաքին ուժային ակցիա կարող է դառնալ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում, ՄԱԿ-ի կանոնակարգի լեզվով ասած՝ ագրեսիա»,-ընդգծել է ռուս նախագահը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», գագաթաժողովի ժամանակ հանդես գալով՝ Հայաստանի եւ Բելառուսի նախագահները հայտարարել են, որ աջակցում են Ռուսաստանի գործողություններին՝ կապված սիրիական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է սիրիական հակամարտության շուտափույթ հանգուցալուծմանը՝ միջազգային երկխոսության հիման վրա: «Այս համատեքստում մենք միանշանակ ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները՝ կապված սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու հետ»,-ասել է Սարգսյանը:





























