Ստեփանակերտում տեղի է ունեցել նորաստեղծ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են արցախյան կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական այլ գործիչներ, լրագրողներ:

Կուսակցության մամուլի կենտրոնից հայտնում են, որ ամսաթերթը լույս է տեսնում հազար օրինակով եւ տարածվում անվճար:

Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն իր խոսքում նշել է, որ թեեւ «Ազգային վերածնունդն» իր գաղափարները տարածում է ուղղակի հանդիպումների, կուսակցության կայքի եւ սոցիալական ցանցերի միջոցով, այնուամենայնիվ, բնակչության բոլոր շերտերին հասանելի լինելու համար նախընտրել են տպագիր օրգան ունենալ: 

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. փետրվարին եւ գրանցվել ԼՂՀ Արդարադատության նախարարության համապատասխան բաժնում 2013թ. մայիսին: Կուսակցությունն ազգային ուղղվածությամբ եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ քաղաքական ուժ է, որն իր ներկայացուցիչներն ունի Արցախի բոլոր շրջաններում եւ Ստեփանակերտում: Անդամների թիվը մոտենում է 300-ի: